Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը 2023 թվականին Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը ՌԴ, Բելառուսի և Իրանի դեսպաններին հրավիրելու Նոբելի հիմնադրամի որոշումից հետո հայտարարել է, որ ինքը չէր հրավիրի Ռուսաստանին, եթե պատասխանատու լիներ միջոցառման կազմակերպման համար:
Շվեդական Aftonbladet թերթը հայտնել է, որ Նոբելի հիմնադրամը «որոշել է փոխել իր պրակտիկան»՝ 2023 թվականին Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հրավիրելով ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպաններին: Դա, ինչպես նշել է պարբերականը, սուր քննադատության է արժանացել։ Նոբելյան հիմնադրամը, հանդես է եկել իր որոշման օգտին՝ պատճառաբանելով, որ հիմնադրամը դեմ է բևեռացմանը, ազգայնականությանն ու պոպուլիզմին:
Նոբելյան հիմնադրամի որոշումից հետո Շվեդիայի մի քանի կուսակցական առաջնորդ հրաժարվել է մասնակցել արարողությանը: Երկրի վարչապետն էլ հայտնել է, որ մասնակցության հարցում առայժմ որոշում չի կայացրել: