Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի երեք ուսանող-ֆուտբոլիստներին, որոնց օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը ձերբակալել էր խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելիս: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր կազմակերպության ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին և 31-ին Բաքվում տեսակցել են երեք երիտասարդներին: Մեր հիմնական ընթացակարգերով է տեղի ունեցել տեսակցությունը՝ պահման պայմանների, վերաբերմունքի ստուգում և այլն:
Հնարավորություն է առաջարկվել՝ կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասաց Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են
առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, բառացիորեն ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս ուսումը շարունակելու:
Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով
կալանավորվել են։