ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը երկու երկրների միջև ձևավորված գործընկերության և բարեկամության գործում։ Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է Նիդերլանդների հետ երկկողմ համագործակցության կարևորությունը մի շարք ֆինանսական կառույցների շրջանակներում:
Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Նիդերլանդները պատրաստակամ է ապահովելու երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և կդառնա առավել ընդգրկուն։
Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։