Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։
Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։
Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է տեսանյութ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:
«Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:
Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:
Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: