Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: