Այսօրվանից գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից:
Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն, կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։
Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է:
Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին: