Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։
Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։
Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը: