Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ-ի կողմից փայերի ձեռքբերում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։
Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով և իրենից ներկայացնում է շահույթ հետապնդող կազմակերպություն, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով:
«ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս անհրաժեշտ է ծրագրով նախատեսված միջոցներից ներգրավել 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 387 040 000 դրամի չափով ֆինանսական միջոցներ։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության կողմից 1 մլն դրամ, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։
Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառմանը և կապիտալի շուկաների զարգացմանը:
2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆոնդի կողմից իրականացրած կապիտալ ներդրումները կազմել են 8,205,004 ԱՄՆ դոլար` թվով 5 կազմակերպություններում, իսկ պետության կողմից իրականացվել է 579 502 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ։
Ֆոնդի գործունեության արդյունքում իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ վերականգնվող էլեկտրաէներգիա, սննդի արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն։
Ֆոնդի գործունեության հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջինս ներդրումներն իրականացնում է ընկերությունների սեփական կապիտալում՝ ներառյալ փոխարկելի ապրանքների, երաշխիքների կամ համանման այլ գործիքների միջոցով։ Գործունեության հիմնական թիրախն են հանդիսանում փոքր և միջին ձեռնարկությունները, իսկ վերջնական նպատակը երկարաժամկետում Հայաստանի տնտեսությունում կապիտալի աճի ապահովումն է։
Գործադիրը հավանություն է տվել նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում գոլֆի ակումբի և ակադեմիայի, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիների կառուցում:
Նախագծի համար ընտրված հողատարածքը գտնվում է Փոքր Վեդի գյուղից 0․7 կմ և Մ2 մայրուղուց 0․6 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքից հեռավորությունը 41 կմ է։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել՝ գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով, գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով, հյուրանոցային համալիր, մեծահասակների հանգստյան տուն, մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց, մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով, բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ, ծառայողական բնակելի թաղամաս, ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր, համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ, այգիներ:
Ակնկալվում է տարածաշրջանում զբոսաշրջության խթանում, որը կապահովի դրական տնտեսական աճ՝ նպաստելով առևտրի խթանմանն ու մարզում ստեղծելով նոր իրացման շուկա ապրանքների և ծառայությունների համար, ինչն էլ իր հերթին կնպաստի մարզի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի մշտական 180-200 աշխատատեղ։ Կառավարության որոշմամբ «Հին Արենի» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել գինեգործության և խաղողագործության ոլորտում։ Արտադրությունն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 230 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.3 մլն դրամ։