ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:
Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
«Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։
Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը
կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են քաղաք Երևան։