Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս տասը: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնության շարասյունը Կոռնիձոր է ուղեկցել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը:
«Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից:
Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է. Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:
Փաշինյանը կարծում է՝ ստեղծված իրավիճակի ելքը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակաերտ երկխոսությունն է, և որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է. «Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավորո միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»: