Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Ֆեյսալ Ալ Միղդադի հետ:
IRNA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը, անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերություններին, ընդգծել է, որ Իրանը կշարունակի ջանքեր գործադրել Սիրիայի ու Թուրքիայի միջև թյուրըմբռնումների վերացման, երկու երկրի սահմանին անվտանգության հաստատման համար:
Աբդոլլահիանը նաև քննադատել է Սիրիայի ու Իրանի նկատմամբ Արևմուտքի և ԱՄՆ քաղաքականությունը և ընդգծել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Ալ Միղդադն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Սիրիայի նախապայմանը երկրի տարածքից թուրքական զորքերի լիակատար դուրսբերումն է: Դիվանագետը նաև գոհունակություն է հայտնել Իրանի ու Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների կարգավորման կապակցությամբ: