Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022 թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022 թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:
«Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլև հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:
Այսպիսով, 2023 թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշված է հիմնավորման մեջ:
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի դրանից՝ ծրագրի իրականացումն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով: Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:
Ծրագիրը միտված է՝ ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավվելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։
Հիմնվելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ այն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։
Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն: