Առողջապահական ստանդարտների պահպանումը դպրոցներում կարևոր է: Այդ խնդրին ամեն օր բախվում ենք դպրոցներում: Կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն արձագանքեց՝ ԿԳՄՍՆ-ի հետ աշխատանք է տարվել, որպեսզի երեխաները ցածր դասարաններից սովորեն առողջ ապրելակերպին և զերծ մնան հիվանդություններից:
«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջերս մեր իրականացրած մի հետազոտության արդյունքում 7 տարեկան երեխաների շրջանում հայտնաբերեցինք, որ մեր երեխաների ամեն 4-րդն ավելցուկային քաշ ունի: Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ պետք է աշխատենք իրենց կրթության ժամանակ, սովորեցնենք, թե առողջ ափսեն ինչպես պետք է ձևավորվի, ծնողներին սովորեցնենք, զերծ պահենք մեր երեխաներին հեռուստատեսությամբ և այլ միջոցներով վնասակար ուտելիքի գովազդից»,- ասաց նախարարի տեղակալը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ եթե հետազոտություն արվի, կպարզվի, որ ամեն 4-րդ երեխա չունի խաղահրապարակ, դպրոցում չկա մարզասրահ, մարզասրահում չկա մարզական գույք, և որ ամեն 4-րդ երեխա կյանքում լողավազան չի տեսել:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ սեփական փորձով գիտի՝ մարզերում երեխաները ամառը լողալու համար շատ հաճախ ոտքով կամ ամենագնաց մեքենաներով 7-8 կմ վտանգավոր ճանապարհ են կտրում, որպեսզի լողալու հասանելիություն ունենան:
«Ամեն երեխա Հայաստանում պետք է ունենա լողավազանին հասանելիություն, մարզասրահին պետք է ունենա հասանելիություն, խաղահրապարակին պետք է ունենա հասանելիություն»,- ասաց վարչապետը: