Կարևորում եմ սոցիալական աջակցության ծրագրերի և անապահովության գնահատման համակարգի այն բարեփոխումները, որոնք քննարկվել են նախագծերի մակարդակով: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մի դրվագ պատմեց իր մարզային այցելություններից: Ագարակ գյուղում մի երիտասարդ Փաշինյանին բողոքել է, թե իրեն նպաստից զրկել են: Վարչապետն էլ արձագանքել է. «Ասում եմ՝ եղբա՛յր, գործունակ ես, առողջ ես, ինչի՞ պիտի պետությունը քեզ նպաստ տա: Դու ի վիճակի ես աշխատել:
Ասել, որ Հայաստանում աշխատելու տեղ չկա, այսօր արդեն այդ թեման հրատապ չէ: 2018-ին մեզ ասում էին՝ դե, աշխատելու տեղ տվեք, աշխատենք, հիմա հրատապ չէ»:
Այս համատեքստում Փաշինյանը նաև նկատեց, որ միաժամանակ կան քաղաքացիներ, որոնք 500 հազար դրամ վարկ են փակում, բայց պետությունից 30-35 հազար դրամ նպաստ են ստանում:
«Այս ուղղությամբ աշխատանք արվել է, բայց դա չի ավարտվել: Հանկարծ չմտածենք, թե խնդիրը լուծել ենք: Այդ պրոբլեմը կա»,- ասաց նա և հավելեց, որ անապահովության գնահատման համակարգը պետք է գործի թվայնացման և արհեստական ինտելեկտի հիման վրա, որպեսզի անաչառ լինի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց՝ վերջին երկու տարիների ընթացքում՝ միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, միայն վարչարարության արդյունքում շուրջ 15 հազար ընտանիք դուրս է եկել անապահովության համակարգից: Նոր համակարգ է մշակվում և առաջիկայում կներկայացվի քննարկման: Այդ համատեքստում աշխատանք է առաջարկվելու բոլոր աշխատունակ մարդկանց, և նրանք դիտարկվելու են որպես պոտենցիալ արժեք ստեղծող մարդիկ:
«Նրանց թիվը քիչ չէ: Շուրջ 40 հազար մարդ, ըստ էության, աշխատունակ տարիքում է, աշխատունակ է և կարող է աշխատել՝ դուրս գալով այդ համակարգից»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ փորձարկում ենք արհեստական բանականությամբ այդ նպաստի համակարգի գործարկումը: Եվ այն քիչ երկրներից ենք, որտեղ արդեն այդ գործիքի փորձարկումը կա: Հուսով ենք՝ առաջիկայում՝ այդ համակարգը ներկայացնելուց հետո, ամբողջությամբ չէ, բայց քայլ առ քայլ կանցնենք նոր համակարգի»: