ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։
Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։
Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն ընդգծել է, որ հիացած է Հայաստանում կառուցվող ճանապարհներով, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների զարգացման միտումներով։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ճանապարհաշինության, ջրամբարաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Կարևորվել է միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև, համագործակցության հաստատումը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։