ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- ասաց վարչապետը։
«Դատարանը որոշել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունն իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումն է: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է:
Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիրը մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»,- ասաց նա: