Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով տասը բեռնատար մեքենաներն այսօր առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
Այսօր Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու, ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով: