Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։
Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել: Երեկ գիշեր այդ հատվածում միջադեպ է գրանցվել, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենայում մեկը սկսել է նկարել ցուցարարներին: Նա փակել է դեմքը, թույլ չի տվել իրեն նկարել:
Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե խաղաղապահների մեքենայում ադրբեջանցի է եղել: Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը «Լուրերին» հայտնել է, որ խաղաղապահ զորակազմից այդ տեղեկությունը հերքող փաստեր են տրամադրել:
Աղդամից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։
ԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Լուրերի» հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասներ է ներկայացրել իրավիճակից:
«Հիմա հանգիստ է: Մենք մեր անցակետի մոտ վրաններ ենք տեղադրել, հիմա քաղաքացիների մի խումբ այդտեղ է»,- ասել է Համլետ Ապրեսյանը, ապա հավելել. «Հերթապահությունը կա ու շարունակվելու է այնքան, մինչև այդ հարցը լրիվությամբ սպառվի»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ադրբեջանցիներն անցել են ռուս խաղաղապահների անցակետն ու փորձել վրաններ տեղադրել, մինչդեռ ԼՂ բնակիչները խոչընդոտել են նրանց բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ: