Ոչ ոք չի կարող ասել, թե չգիտեինք՝ ինչ է տեղի ունենում: Իրավիճակը շատ հստակ է, և քաղաքական բողոքներ, հայտարարություններ անելու ժամանակը չէ: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն՝ վերահաստատելով Փարիզի քաղաքապետի կոչը՝ դիմելու Մակրոնին, որպեսզի վերջինս օգտագործի ՄԱԿ ԱԽ-ում իր դիրքը և ԼՂ բնակիչների իրավունքների պաշտպանության մասով բանաձև ընդունի:
«Մենք շատ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ ենք, և իրականում Ֆրանսիայում կան շատ քիչ հարցեր, երևույթներ, որոնք կարող են մի սեղանի շուրջ հավաքել այսքան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց»,- ասաց նա:
Բրունո Ռըտայոն խոսեց նաև ֆրանսիական պատվիրակության՝ ԼՂ հումանիտար բեռ տեղափոխելու նպատակի մասին:
«Մենք այստեղ ենք նաև ասելու համար մեր հայ բարեկամներին, որ մենք ոչինչ չենք մոռացել: Մենք կապված ենք պատմության անքակտելի կապերով, կապեր, որոնք նաև քաղաքակրթության, արժեքների հետ են կապված ու նաև այսօրվա արժեքների, որոնցից ամենակարևորը ժողովրդավարությունն է: Մենք ձեր կողքին ենք»,- ասաց նա: