ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է ԼՂ-ի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող պատվիրակության անդամներին:
«Նախագահ Հարությունյանը Արցախի իշխանությունների ու ժողովրդի երախտագիտությունն է հայտնել Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, որոնք Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Նախագահը հույս է հայտնել, որ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անկախ իր կամքից, և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի եռակողմ հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»»,- ասված է հաղորդագրության մեջ: