Մենք այստեղ ենք երկու ուղերձ հղելու համար: Առաջին ուղերձն ուղղված է միջազգային հանրությանը: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Օ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Քսավիե Բերտրանին:
Նա ընդգծեց, որ շատերը չգիտեն՝ Ադրբեջանը չի թողնում, որ ԼՂ բնակիչներն ազատ ապրեն, չգիտեն նաև, որ ԼՂ-ում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, բնակիչները զրկված են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի հասանելիությունից:
«Այդ մարդիկ այս ամենից զրկված են Ադրբեջանի պատճառով: Ահա ինչու մենք բոլորս միացել ենք և կազմակերպել ենք մարդասիրական այս շարասյունը, ընդգծում եմ՝ մարդասիրական, թույլ տալու համար, որ միջազգային իրավունքը նորից ամբողջությամբ գործի, մարդիկ, կանայք, երեխաները կարողանան պարզապես արժանապատիվ ապրել: Եվ դա մեզ արգելվեց: Եվ հենց սա է, որ մենք ուզում ենք ազդարարել ու դատապարտել»,- ասաց նա:
Քսավիե Բերտրանը նաև կոչ արեց, որ այս նախաձեռնությանը հետևեն նաև ուրիշները, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա:
«Բնականաբար, Եվրոպայում կան այլ խնդիրներ, և մենք բոլորս բնականաբար աջակից ենք նաև Ուկրաինային, բայց ողբերգություն է տեղի ունենում նաև այստեղ՝ Հայաստանում, և մենք բոլորս նաև Հայաստանի, Ղարաբաղի կողքին ենք:
Ադրբեջանը ցանկանում է ԼՂ-ն դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին, բանտ կամ նույնիսկ խուց, վանդակ: Մենք չենք ցանկանում, որ այն դառնա վանդակ, և մենք ցանկանում ենք, որ նրա բնակիչները ազատ ապրեն այնտեղ: Այս ուղերձն է, որ ուզում ենք հղել»,- ասաց Քսավիե Բերտրանը և հարց բարձրաձայնեց՝ ի՞նչ է պետք է անել, որ միջազգային հանրությունը արթնանա, պե՞տք է արդյոք սպասել, որ լինեն զոհեր, որ միջազգային հանրությունն արթնանա:
Բերտրանը նաև հույս հայտնեց, որ ողբերգությունից հնարավոր է խուսափել, և միաժամանակ ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է նաև հիշի, թե ինչ է տեղի ունեցել նախորդ դարում:
Օ դը Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահը նաև հղեց երկրորդ ուղերձը՝ ուղղված ԼՂ բնակչությանը. «Մենք ցանկանում ենք ասել Հայաստանի մեր բարեկամներին, նաև այն բարեկամներին, որոնք ԼՂ-ում են այսօր, որ իրավիճակը շատ ծանր է, մենք դա գիտակցում ենք, բայց դուք միայնակ չեք, մենք ձեր կողքին ենք: Եվ մենք այսօր եկել ենք այստեղ դա ցույց տալու համար»,- ասաց Քսավիե Բերտրանը, ապա վերահաստատեց. «Մենք եկել ենք որպես բարեկամ, դուք միայնակ չեք»: