Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։
Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով խախտվում են Արցախի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։
Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին ընդգծել է, որ ինքը ևս հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, նաև նշել, որ Արգենտինայի հայ համայնքը խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն անընդհատ բարձրաձայնում է։ Դեսպանը նաև բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ և կառուցողական համագործակցությունը: