Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտահերթ նիստ է անցկացրել: Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ արտահերթ նիստին քննարկվել է նաև իր հետագա պաշտոնավարման հարցը, նշել, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա՝ մնալով ժողովրդի կողքին:
«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղի առևանգված քաղաքացիների ճակատագիրը պարզելու քայլերի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ցուցարարները: Հարությունյանը մոտեցել է նրանց և պատասխանել հարցերին: