Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն ԼՂ կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:
Այս մասին «Արցախպրեսի» հարցմանն ի պատասխան նշել է ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ, հետևաբար, այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
«Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Ավանեսյանը։