ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:
Նախագծերի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը, իսկ հարակից զեկույցով՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչև երկամսյա ժամկետով, իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը մեծամասնության կողմ քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն: