ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։ Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.
«Դուք այսօր, երդում ընդունելով, ստանձնեցիք մեծ պատասխանատվություն, որը Ձեզ կուղեկցի հետագա ծառայության ողջ ընթացքում։ Ուստի շնորհավորում եմ Ձեզ այս հանդիսավոր միջոցառման կապակցությամբ։ Վստահ եմ, որ ծառայությունը շարունակելով պետական սահամանի տարբեր ուղղություններում՝ ձեր զգոնությամբ և նվիրումով մեր հայրենիքի սահմանները կդարձնեք ավելի անառիկ ու պաշտպանված»։
Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։