ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի Ուկրաինային սահմանակից Կուրսկի և Բրյանսկի շրջաններում խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, շաբաթ օրն էլ ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվային մոտենալիս: Նույն օրը Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի շրջանում ուկրաինական հարվածներից զոհվել է խաղաղ բնակիչ, ևս 6-ը վիրավորվել են։
Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը Կուրսկում բախվել է բնակելի շենքին, զոհեր և վիրավորներ չկան։ Շենքը վնասվել է, որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։
Ուկրաինայի զինված ուժերը նաև տանկից գնդակոծել են Բրյանսկի շրջանի Ալես գյուղը։ Ռուսաստանի տարածքի վրա արձակվել է 125 մմ տրամաչափի 10 տանկային արկ։ Միջադեպի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Ռուսական բանակն էլ կիրակի գիշերը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի կենտրոնական և հյուսիսային շրջաններին։ Ավելի ուշ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են դրանցից չորսը։ Կիևի մարզում ռուսական հրթիռի ընկած բեկորները վնասել են մոտ տասը տուն, երկու մարդ վիրավորվել է։