126.795 քմ տարածք Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում չպայթած զինամթերքից այլևս մաքուր է․ «Կանաչ պիտակ» հավաստագիրը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից:
2022 թվականին Ադրբեջանի ԶՈՒ կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրը լիովին մաքրվել և հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի է ունեցել չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126.795 քմ մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, Եվրամիության կողից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ բնակավայրում պայթյունավտանգ մնացորդներից մաքրել է 120.012 քմ և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պետական միջոցներով 6783 քմ, ընդհանուր առմամբ՝ 126.795 քմ մակերեսով տարածք։
Մաքրված տարածքի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկաները ծանոթացել են Ջերմուկ բնակավայրի մերձակայքում, մասնավորապես, ճոպանուղու հատվածում, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ականազերծողների կողմից ս.թ մայիս ամսից իրականացրած աշխատանքներին, այցելել են չպայթած զինամթերքից մաքրված տարածք, հավաստիացել, որ այն ամբողջությամբ անվտանգ է:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանին պաշտոնապես հանձնել է 126 795 մ2 տարածքի չպայթած զինամթերքից մաքրված լինելը հաստատող հավաստագիր։ Միաժամանակ վերջինիս Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենի և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից հանձնվել է «Կանաչ պիտակ» հավաստագիրը և մաքրված տարածքի սկզբնամասում տեղադրվել «Կանաչ պիտակ» խորհրդանշական ցուցանակը, որով փաստվում է, որ այդ տարածքն անվտանգ է և այդտեղ կարելի է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնեցինք հերթական 126 795 մ² մաքրված տարածքը, որի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, քանի որ նրանց աջակցությամբ է իրականցվել այս տեղամասի մաքրումը չպայթած զինամթերքից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ցուցադրվեց և վստահեցվեց, որ տարածքը մաքուր է և անվտանգ։ Սա մեր մասնագետների մաքրած հերթական տարածքն է, բայց Վայոց ձորի մարզում դեռևս կան չպայթած զինամթերքով աղտոտված այլ տեղամասեր, ինչը ենթադրում է, որ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից ականազերծման աշխատանքներն այս մարզում շարունակվելու են»։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր խոսքում շնորհակալությունն է հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն մասնագետներին՝ չպայթած զինամթերքով աղտոտված իրենց համայնքի տարածքը մաքրելու համար, նշել, որ իր և ՏԻՄ այլ աշխատակիցների մասնակցությամբ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ականազերծողների կողմից իրականացված ստուգազննումը փաստեց, որ տարածքը լիովին անվտանգ է։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր շահագրգիռ կողմերին այս կարևոր հարցում մեզ աջակցելու համար։ Մեր համայնքն օր օրի դառնալու է ավելի անվտանգ, ոչ միայն տեղի բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար։ Ովքեր ունեին որևէ կասկած Ջերմուկի հանդեպ, այժմ կարող են վստահ և ազատ այցելել մեզ և նախկինի պես վայելել մեր քաղաքի հնարավորությունները»,- հավելել է նա։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն ասել է․ «Կրկին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հետ Ջերմուկում է։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից մարքման աշխատանքներն ավարտվել են, և այժմ զբոսաշրջիկները, համայնքի անդամներն ու ցանկացած ոք կարող են այցելել Ջերմուկի ճոպանուղին։ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պատրաստ է ներդրում կատարել համայնքում պարենի անվտանգության և կայունության ոլորտներում, և ծրագրերն արդեն մշակվել են։
Երբ մենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հետ սկսեցինք աշխատել Ջերմուկում, տարածքն աղտոտված էր աղբով։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տարածքը մաքրել է պայթուցիկ զինամթերքից, որպեսզի այն մաքուր դարձնի ձեզ համար, սակայն այսօր ես մեկ խնդրանք ունեմ ձեզ, որ հոգ տանեք և մաքուր պահեք բնությունն ու շրջակա միջավայրը»։