Եվրոպայում հյուծիչ շոգին «փոխարինելու» են եկել ուժեղ փոթորիկները։ Իսպանիայում ռեկորդային տեղումներ են։ Իտալիայում մոլեգնում է «Պոպպեա» ցիկլոնը:
Կիրակի ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները հարվածել են իսպանական Մայորկա կղզուն։ Մասամբ հեղեղվել են Պալմա և Կալվիա քաղաքները։ Տուժել է երեք մարդ։
Երթևեկությունը սահմանափակվել է, շատ ճանապարհներ արգելափակվել են տապալված ծառերի պատճառով։
Իսպանիայի մայրցամաքային մասում, հատկապես Կատալոնիայում, հանգստյան օրերին տեղումների քանակը հասել է ռեկորդային մակարդակի:
Հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ են տեղացել նաև Իտալիայի հյուսիսում։ Լոմբարդիայում շաբաթ օրը փոթորիկները արմատախիլ են արել ծառեր և վնասել տանիքներ: Վատ եղանակն անակնկալի է բերել նաև Ջենովայի բնակիչներին։
Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին փոթորիկը կտարածվի նախ դեպի հյուսիս-արևելք և Տոսկանա, ապա նաև երկրի մյուս տարածքներ:
Իսկ ստեղծված վիճակի մեղավորը համարվում է Եվրոպայի հյուսիսից ներթափանցած «Պոպպեա» ցիկլոնը:
Միաժամանակ Հունաստանում շարունակում են պայքարն անտառային հրդեհների դեմ: