«ՀՀ զբոսաշրջության զարգացման 2024-2028 թթ․» ռազմավարության նախագծի քննարկման նպատակով 2023 թ․ օգոստոսի 28-ին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասակցությամբ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում տեղեկացրեցին, որ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու հրամայականից։
Ռազմավարությունը ուղենիշային փաստաթուղթ է համարվելու առաջիկա 5 տարիների գործունեության համար, ապահովելու է զբոսաշրջության բնագավառում պետական ծրագրերի իրականացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման համակարգվածությունը։