Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման ակցիաների շուրջ աղմուկի ֆոնին Կոպենհագենը որոշել է քրեականացնել սուրբ գրքերի, այդ թվում՝ Ղուրանի և Աստվածաշնչի հրապարակային այրումը կամ պղծումը:
Դանիայի արդարադատության նախարարության տվյալով՝ նման ակցիաներն այսուհետ կարող են պատժվել մինչև երկու տարվա ազատազրկմամբ։
Շվեդիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ հարգում է Կոպենհագենի որոշումը, սակայն Ստոկհոլմն այժմ չի կարող նման քայլի գնալ, քանի որ դա կենթադրեր Սահմանադրության փոփոխում: Ուլֆ Քրիսթերսոնը հավելել է, որ Շվեդիան կարող է վերանայել «Հասարակական կարգի մասին» օրենքը և ավելի խիստ լինել քաղաքացիներին ակցիաներ անցկացնելու թույլտվություն տրամադրելու հարցում:
Շվեդիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կարող ոտնահարել քաղաքացիների ազատությունները և սահմանափակել ակցիաներ անցկացնելու նրանց իրավունքը: Մինչ այդ Ղուրանի այրման ակցիաները բողոքի ցույցերի պատճառ են դարձել մահմեդական մի շարք երկրներում։