Կիևը հայտարարել է, որ իր հատուկջոկատայինները հաջողությամբ ավարտել են առաջին դեսանտային գործողությունը Ղրիմում: Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ոչ մեծ հատուկ ստորաբաժանումը վայրէջք է կատարել Տարխանկուտում՝ թերակղզու ամենաարևմտյան մասում, ռազմածովային ուժերի և ռազմական հետախուզության աջակցությամբ։
Ըստ Կիևի ներկայացրած տեղեկությունների՝ մարտի արդյունքում սպանվել է առնվազն 30 ռուս զինվորական: Ուկրաինական հատուկջոկատայինները բարեհաջող և անկորուստ վերադարձել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ավելի վաղ Կիևը հայտնել էր Ղրիմում ռուսական C-400 համալիրի ոչնչացման մասին:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Դանիայից և Նիդերլանդներից հետո Նորվեգիան է պատրաստակամություն հայտնել F-16 կործանիչներ փոխանցել Կիևին: Քանակի մասին դեռ հայտնի չէ։ Նորվեգիան ունի մոտ 57 այդպիսի կործանիչ և անցյալ տարի որոշում է կայացրել դրանք հանել սպառազինությունից և փոխարինել Lockheed F-35-ով։ Նորվեգիան F-16-երի մեծ մասն արդեն խոստացել է Ռումինիային, և, ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինա կարող է ուղարկվել ոչ ավելի, քան 12 կործանիչ։