Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակության այցը շրջակա միջավայրի նախարարություն՝ կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը:
Տիգրան Գաբրիելյանը վերահաստատել է հայ-իրանական փոխհարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու և շրջակա միջավայրի ոլորտում դրանք ակտիվացնելու հայկական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։
Գետի ջրային և կենդանական ռեսուրսները, բնական միջավայրի պահպանությունը մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու դեպքում միջոցառումներ արագ մշակելու և իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտային փորձի փոխանակումը և իրականացվող աշխատանքների նկատմամբ հետևողականությունը։