Մենք անչափ կարևորում ենք մեր երկուստեք փոխայցելություններն Իրան և Հայաստան, քանի որ դրանք առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև բարձր մակարդակի համագործակցության զարգացմանը և հետագա առավել խորացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ օգոստոսի 25-ին հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանի, ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Հոյսեն Հաթամի, Մասումե Փաշայի, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան խորհրդական Ալի Ազղար Շահամաթդարի հետ:
Գևորգ Պապոյանը նաև նշել է, որ ինքն ուշադրությամբ հետևում է ոչ միայն հայ և իրանցի խորհրդարանականների, այլև Հայաստանի և Իրանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների պարբերաբար իրականացվող հանդիպումներին ու շփումներին, որոնք վստահաբար նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության էլ ավելի խորացմանը:
Ըստ Գևորգ Պապոյանի՝ մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները նոր չեն, դրանք հազարամյակների պատմություն ունեն, որի հիմքում ընկած է ոչ միայն աշխարհագրական հարևանությունը, այլ նաև պատմամշակութային ընդհանրությունները, փոխադարձ տնտեսական շահերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ նույնական մոտեցում ունենալը:
«Հայաստանի համար Իրանը եղել և մնում է որպես առանձնահատուկ կարևորություն ունեցող գործընկեր, և մենք կարծում ենք, որ այն հավասարակշռված քաղաքականությունը, ինչը կա, նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը: Նա հյուրերի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:
«Մենք ընդգծում ենք արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը և մեծապես կարևորում ենք, որ մեր բարեկամ գործընկեր խորհրդարաններում և միջազգային կազմակերպությունների կողմից հնչեն հասցեական և օբյեկտիվ գնահատականներ, ինչպես նաև լինեն ջանքեր՝ ուղղված խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- փաստել է Գևորգ Պապոյանը:
ԱԺ պատգամավորը, հակիրճ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը, նրա կարծիքով, վստահաբար, օգտակար և շահեկան է տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների համար:
«Կարծում եմ, որ հարկ է ընդգծել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցման կարևորությունը»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Նա, անդրադառնալով Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերություններին, կարևորել է վերջերս «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը, որը, ըստ պատգամավորի, շահավետ գործարք է երկու պետությունների համար: «Պայմանագրի երկարաձգումը հնարավորություն է տալիս մեզ ավելացնել գազի ներկրումն Իրանից և, իհարկե, էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, որը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու երկու բարեկամ պետությունների տնտեսությունների զարգացման համար»,- ասել է Գևորգ Պապոյանը և հավելել. «Ես տեղյակ եմ, որ տարբեր ոլորտներում ևս այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում համագործակցության ուղղությամբ, որոնք վերաբերում են թե՛ շինարարությանը, թե՛ կապիտալ ներդրումներին և այլ ոլորտների»:
Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Իրանի հայ համայնքին, փաստել է, որ հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական և քաղաքական կյանքին, ինչի վկայությունն է հայազգի պատգամավորների ներկայությունն Իրանի Մեջլիսում: Ընդգծվել է հայ համայնքի նկատմամբ Իրանի ժողովրդի ջերմ վերաբերմունքի կարևորությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը:
«Հայաստանը, լինելով Իրանի 15 հարևան երկրներից մեկը, Իրանի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Պետք է նշեմ, որ և՛ Իրանի նախագահը, և՛ հոգևոր առաջնորդը, և՛ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս փաստել են Իրանի և Հայաստանի միջև սահմանի կարևորությունն ու նշել են, որ թույլ չեն տա՝ որևէ փոփոխություն տեղի ունենա այդ սահմանում»,- ասել է Արա Շավերդյանը:
Անդրադառնալով Իրանի՝ միջազգային կազմակերպություններին անդամակցությանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Իրանին դառնալու ԵԱՏՄ անդամ:
Արա Շավերդյանը նաև ընդգծել է երկուստեք համագործակցության կարևորությունը միջազգային կառույցներում:
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը կարևորել է հայ-իրանական դարավոր բարեկամության ամրապնդումն ու զարգացումը, ընդգծել Հայոց ցեղասպանության տարիներին Իրանի ժողովրդի աջակցությունը ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Նա նույնպես շեշտել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: