Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախագահել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ հանրային քննարկումը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ««Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում»» ռազմավարական նպատակների ներքո նախատեսվող հիմնական բարեփոխումների ուղղությունները՝ անդրադառնալով գործարար ոլորտում բարեվարքության ամրապնդման, գործարարների իրավունքների պաշտպանության, իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման ինստիտուտի զարգացման, հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն և բարեվարքության մեխանիզմների կատարելագործման, պետական գնումների գործընթացում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության, գործարար ոլորտում կոռուպցիոն բնույթի տնտեսական իրավախախումների բացահայտման արդյունավետության բարձրացման գործընթացի բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներին:
Հանրային քննարկման մասնակիցները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ, հնչել են ռազմավարության նախագծի բարելավմանն ուղղված առաջարկություններ և քննարկվել դրանց՝ նախագծում իրացնելու հնարավորությունների շրջանակը:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հանրային քննարկման մասնակիցներին ակտիվ մասնակցության, գործարար ոլորտի ակտիվ ներգրավվածության և կարևոր դիտարկումների համար:
Հանրային քննարկմանը մասնակցում էին գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների՝ շուրջ 40 ներկայացուցիչներ: