ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձել ենք Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։
Հանդիպման ավարտին երկկողմ վերահաստատել ենք փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում»,- ասված է Բադասյանի ֆեյսբուքյան գրառման տեքստում։