Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հետ կապված հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին:
Բայրամովը հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», մեղադրել Հայաստանին կարգավորման գործընթացը իբր խափանելու համար: Բայրամովը նաև պնդել է, թե իբր Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակված չէ: Բայրամովը հիշեցրել է, որ հունվարից Բելգիայի Թագավորությունը նախագահելու է Եվրամիությունում` կոչ անելով երկակի ստանդարտների քաղաքականություն չվարել Ադրբեջանի նկատմամբ։
Լաբիբը, իր հերթին, ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել: «Կարևոր է որ կողմերը անկեղծություն և վճռականություն դրսևորեն, մենք պետք է շարունակենք գործակցությունը»,- ընդգծել է նախարարը։ «Խաղաղությունը կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ աշխարհի համար»,- հավելել է դիվանագետը։
Ավանդաբար օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին ընդունում է նաև Ադրբեջանի նախագահը: Սակայն ադրբեջանական պետական APA գործակալության տվյալով` Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի արտգործնախարարին՝ կայքի ձևակերպմամբ` «հայամետ դիրքորոշման և օրերս Հայաստան պաշտոնական այցի ժամանակ արած հայանպաստ հայտարարությունների պատճառով»։
Երկու օր առաջ Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հաջա Լահբիբը հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, որի սահմանափակումը սովի սպառնալիք է ստեղծում։ Լաբիբը խոստացել էր Երևանում հայտնած դիրքորոշումները կրկնել Բաքվում։