Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության մասնավոր հատվածի և Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միևնույն ժամանակ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով:
Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվել Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ:
Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ-ի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չկատարման հետևանքով»,- ասաց վարչապետը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, իսկ դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի թե այլ միջոցներով: