«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռի կործանման հետ կապված՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:
Կոմիտեից չեն բացառել, որ օդանավի կործանման պատճառ կարող են լինել օդաչուի սխալը, փոխադրամիջոցի անսարքությունը կամ արտաքին ազդեցությունը: Ավելի վաղ «Ռոսավիացիան» տեղեկացրել էր, որ ինքնաթիռն ուղևորվել է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ:
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն էլ հրապարակել էր ինքնաթիռի 10 ուղևորների անունները․ նրանք բոլորը մահացել են։ Նրանց թվում են եղել նաև Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Պաշտոնական Մոսկվան դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը: