ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կեղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողը, որը 2010 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, փաստացի չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները, սակայն տարիներ շարունակ վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ, ինչպես նաև՝ սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ, ինչին, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, օժանդակել են նույն բաժանմունքի մի խումբ աշխատակիցներ:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ շուրջ ութ տարի շարունակ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին տեղյակ են եղել նույն բաժանմունքի վարիչը, վերջինիս ժամանակավոր փոխարինած անձինք, մասնավորապես՝ ավագ լաբորանտը, ավագ բուժքույրը և վերջինիս փոխարինողները, սակայն յուրաքանչյուր ամիս կազմվող բաժանմունքի աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում խեղաթյուրելով իրականությունը՝ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ կրտսեր բուժաշխատողն իրականացրել է աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Այնուհետև իրենց ստորագրություններով հաստատել են իրավաբանական նշանակություն ունեցող նշված տեղեկագրերը և փոխանցել ՓԲ ընկերության հաշվապահություն, որտեղ դրանց հիման վրա հաստատվել է աշխատակցի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարած լինելու փաստը, ինչի արդյունքում, 2010 թվականից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, հաշվարկվել է 19 075 571 ՀՀ դրամ, որից 12.282.329 ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ մնացածը՝ որպես սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր բուժաշխատողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով, իսկ բաժանմունքի վարիչին և ավագ լաբորանտին՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: