BRICS-ի երկրների ղեկավարներն ընդունել են միավորման 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որը ստացել է «Յոհաննեսբուրգ-2» անվանումը: Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Նրա խոսքով՝ BRICS-ի երկրները մտահոգված են աշխարհում ընթացող հակամարտություններով և հանդես են գալիս երկխոսության միջոցով դրանց խաղաղ կարգավորման օգտին: Նա նաև հայտնել է, որ BRICS-ի ղեկավարները ֆինանսների նախարարությանը և իրենց երկրների կենտրոնական բանկին հանձնարարել են դիտարկել ազգային արժույթների հիման վրա վճարային գործիքների և հարթակների գործարկման հնարավորությունը:
Ռամաֆոսան անդրադարձել է նաև միավորման ընդլայնման հարցին, տեղեկացրել՝ 2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ի կազմում կընդգրկվեն Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Նա հավելել է, որ սա միավորման ընդլայնման միակ փուլը չի լինի։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ BRICS-ի կազմում նոր անդամների ընդգրկումը կծառայի կազմակերպության հետագա ամրապնդմանը և միավորմանը նոր դինամիկա կհաղորդի: Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ ընդգծել է, որ BRICS-ի ընդլայնումը նոր ելակետ կդառնա երկրների համագործակցության զարգացման համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով գագաթնաժողովին մասնակցել է տեսակապի միջոցով, հայտնել է, որ հռչակագրի համաձայնեցումը հեշտ չի եղել և շնորհակալություն է հայտնել ՀԱՀ նախագահին՝ ցուցաբերած դիվանագիտական ջանքերի համար։