Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը 2 «տպավորիչ ցուցանիշ» ներկայացրեց՝ հղում անելով Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներին:
Ըստ այդմ՝ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխա ծնվելու թվով 2022 թվականին ռեկորդ է գրանցվել:
«2022-ի ամփոփմամբ՝ Հայաստանում ծնվել է 11.956 երրորդ և հաջորդ երեխա: Համեմատության համար վիճակագրության ամենախոր պատմություն ունեցող 2005 թվականին ծնվել է 5260, 2018 թվականին՝ 8271: Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոսանոց աճ ունենք: Այս պահին առաջին, երկրորդ, երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների համամասնությունը 2022-ի թվականի տվյալներով 1-ինը կազմում է 36 տոկոս, 2-րդը՝ 31,2 և 3-րդը՝ 33 տոկոս»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:
Ելնելով վերոնշյալ տվյալներից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ փաստեց, որ Կառավարության՝ երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների խթանման մասով վերջին 5 տարվա ծրագրերը արդյունք են տվել:
Դավիթ Խաչատրյանը որպես երկրորդ դրական ցուցանիշ ներկայացրեց ծնելիության գումարային գործակիցը, որով չափվում է ազգաբնակչության աճի տեմպը: Բնական աճ գրանցելու համար պետք է գործակիցը լինի 2,11:
«Վերջին 30 տարվա մեջ մենք 2022 թվականի ամփոփմամբ ունենք նոր ռեկորդ. մեր ծնելիության գումարային գործակիցը գրանցվել է 1,738: Նորից եմ կրկնում՝ 1994-ից հետո չենք ունեցել նման ցուցանիշ: Ե՛վ 2000, և՛ 2001 թվականներին ունեցել ենք ամենացածրը՝ 1,3 և 1,21»,- ասաց նա՝ նկատելով, որ այս ցուցանիշները որոշակի լավատեսական սցենար են կանխորոշում: