Յոհաննեսբուրգում ընթանում է BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) ամենամյա գագաթնաժողովի աշխատանքի երկրորդ օրը: Ըստ Euronews գործակալության՝ այս հավաքի նկատմամբ ուշադրությունը մեծ է. ակնկալվում է, որ BRICS-ին կարող են անդամակցել նոր երկրներ՝ ամրապնդելով դաշինքը, որը փորձում է դառնալ G7-ի մրցակից։
Գագաթնաժողովին անձամբ ներկա են կազմակերպության հինգ առաջնորդներից չորսը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն նախընտրել է հանդիպման առցանց ձևաչափը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը BRICS-ի երկրներին կոչ է արել համատեղ զարգացնել իրենց ներուժը և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Euronews-ը նշում է, որ, փորձագետների գնահատմամբ՝ BRICS-ի երկրները գնողունակությամբ առաջ են անցել «Մեծ յոթնյակից»։ Նրանց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության մեկ քառորդը, համաշխարհային արտահանման մեկ հինգերորդը և մոլորակի բնակչության 40%-ը։ Չի բացառվում, որ այս միավորումն առաջիկայում փոփոխությունների պատճառ դառնա Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում:
Ըստ տեղեկությունների՝ մոտ 30 պետություն շահագրգռված է միանալ ասոցիացիային, նրանցից մի քանիսը, այդ թվում՝ Ալժիրը, Բանգլադեշը, Եգիպտոսը և Եթովպիան, պաշտոնապես անդամակցության դիմումներ են ներկայացրել: