ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
-
գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը.
-
գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն նախորդ կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվեր որոշակի ժամկետով.
-
կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները․ միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.
-
ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, համաձայն որոնց՝
– իրավունք է տրվել ոչ թե մինչև մեկ, այլ նաև մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին նվազեցնել իր աշխատաժամանակը,
– վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը,
-
ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը.
-
հստակեցվել է, որ կողմերի համաձայնությամբ՝ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը։