ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին։ Հռչակագիրն իրավական և ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է։
Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար։
Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ և անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով՝ պետք է առաջ շարժվել՝ հանուն մեր պետականության և մեր ժողովրդի։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, փառք և խոնարհում անկախության պայքարի մարտիկներին»: