Հնդկական «Չանդրայան-3» ավտոմատ միջմոլորակային կայանի «Վիկրամ» մոդուլը «Պրագյան» լուսնագնացով չորեքշաբթի բարեհաջող փափուկ վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի վրա, հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը:
Այսպիսով, Հնդկաստանը դարձավ չորրորդ երկիրը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որի մոդուլը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա։
Վայրէջքից հետո տարբեր հետազոտական սարքավորումներով հագեցած լուսնագնացը կսկսի Երկրի բնական արբանյակի մակերեսի քիմիական ուսումնասիրություններ իրականացնել։ Լուսնագնացի առաքելությունը կտևի 14 օր։
Հնդկական առաքելությանը պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է վայրէջք կատարել Երկրի արբանյակի՝ քիչ ուսումնասիրված հարավային բևեռի մոտ: Գիտնականների կարծիքով՝ այս տարածքը կարող է պարունակել սառեցված ջրի մեծ պաշարներ և արժեքավոր տարրեր։
Վարչապետ Նարենդրա Մոդին վայրէջքն անվանել է Հնդկաստանի համար «պատմական օր»։
Սա Լուսինն ուսումնասիրելու հնդկական ծրագրի երրորդ առաքելությունն է: «Չանդրայան-1» տիեզերական զոնդն արձակվել է 2008 թվականին՝ Լուսնի մակերեսը 3D-ով քարտեզագրելու համար։
2019 թվականին «Չանդրայան-2» առաքելության շրջանակներում դարձյալ ծրագրված էր վայրէջք կատարել Լուսնի վրա, սակայն սարքի հետ կապը կորել էր։
Հնդկական մոդուլը Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարել ռուսական ապարատի կործանումից երեք օր անց։ Ռուսական «Լուսին-25»-ը դուրս էր եկել ուղեծրից և կործանվել Լուսնի մակերևույթին: Դա առաջին նման առաքելությունն էր Ռուսաստանի հետխորհրդային պատմության մեջ։