Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտավորություն, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
Ուստի Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունեն մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»: