Չինաստանը լրջորեն անհանգստացած է և կտրականապես դեմ է, որ Ճապոնիան մի քանի օրից սկսի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողումը՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:
«Սա չափազանց եսասիրական և անպատասխանատու քայլ է»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը: Նա հավելել է, որ Ճապոնիան պետք է «ուղղի իր սխալը և պատասխանատու կերպով տնօրինի միջուկային աղտոտված ջուրը»:
Այսօր ավելի վաղ Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ սկսել է կայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողման նախապատրաստական աշխատանքները։ Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել էր զեկույց՝ նշելով, որ ջրի բացթողման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին։