Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործելաոճը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների, կառույցների հասցեական ուղերձներին, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին՝ ներկայիս իրավիճակում հրատապ համարելով Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից խնդրին հետևողական անդրադարձի և հասցեագրման կարևորությունը: