ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական համագործակցային կապերը խորացնելու պատրաստակամությունը. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական հենք և կայուն կարգավիճակ: Մենք ֆրանսիացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցում ենք և պատրաստ ենք խորացնել այն, ինչպես նաև քննարկել նոր ծրագրերի իրագործման գաղափարներ»:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում կշարունակվի հաջող համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում համագործակցության հարցերին, մասնավորապես՝ շեշտվել է ֆրանսերենի դասավանդման ծրագրերի բարելավման, ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը խորացնելու կարևորությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ ուսուցման կազմակերպման հարցերին:
Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը: